ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կեղծ բարեպաշտության փոխարեն` իրական բարեգթություն

Կեղծ բարեպաշտության փոխարեն` իրական բարեգթություն
14.04.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի փոստից
Վերջերս մասնակցեցի ծանոթներիցս մեկի կնոջ թաղման արարողությանը։ Ծանոթս, իր ընտանիքով, շրջապատում մեծ հարգանք վայելող մարդ է։
Հայկական սովորության համաձայն` հուղարկավորությանը մեծ բազմություն էր հավաքվել, ինչը շատ բնական էր։
Այսօր հուղարկավորությունների ժամանակ ոչ մեկին չես զարմացնի ծաղիկ-ծաղկեպսակներով, բայց այն, ինչ ես տեսա այդ օրը, ինձ ոչ թե զարմացրեց, այլ մտորումների մեջ գցեց։ Հաշվեցի 68 մեծ ծաղկեպսակ (որոնց մի մասը` պատվիրված արտասահմանում բնակվող ծանոթ-բարեկամների կողմից), մոտ հարյուր ծաղկազամբյուղ, չհաշված մեծ ու փոքր ծաղկեփնջերը։
Ակամա հիշեցի մանկությանս ու պատանեկությանս օրերին Սիրիայի և Լիբանանի հայ գաղթօջախների վերաբերմունքն այս երևույթին, երբ հուղարկավորությունից մի քանի օր անց որևէ լրագրում կարդում էիր, որ այսինչյան ընտանիքի խնդրանքով «փոխան ծաղկեպսակի» հավաքված ամբողջ գումարը հատկացվել է այսինչ կամ այնինչ ծերանոցին կամ որբանոցին (կից ներկայացվում էր նվիրատու անձանց ցուցակը և նվիրաբերած գումարի չափը)։ Նվիրատուներից ոչ ոք անհարմար չէր զգում, եթե իր տված գումարը հարյուրապատիկ կամ նույնիսկ ավելի անգամ պակաս էր լինում ինչ-որ մեծահարուստի նվիրատվությունից. յուրաքանչյուրը դրա մեջ տեսնում էր ոչ թե նյութական արժեք, այլ բարոյական։
Բարոյական արժեքներից խոսելն էլ ավելորդ չէր լինի, քանի որ Հայաստանը ևս հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ. ունենք սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են նյութական և բարոյական ռեսուրսներ։
ՈՒնենք ծերանոցներ, մանկատներ և, ամենակարևորը, աղետի գոտի։ Ճիշտ է, այսօր կառավարությունն ունի ծրագրեր` ուղղված այդ խնդիրների հաղթահարմանը, այնուամենայնիվ, դրանց լուծմանն աջակցելու յուրաքանչյուր հավելյալ միջոց ողջունելի է։ ՈՒստի առաջարկում եմ տեղայնացնել սփյուռքի մեր հայրենակիցների փորձը։ Հավատացեք, արդյունքները տպավորիչ կարող են լինել։ Նույնիսկ այն մարդը, ով ծաղկեպսակ գնելու հնարավորություն չունի, չի խնայի իր 1000 դրամը` համոզված, որ ինքը երկակի բարի գործ է կատարում. օգնում է ինչ-որ մեկին նյութապես և թեթևացնում ննջեցյալի հարազատների գործը, որոնք թաղումից 3-4 օր անց, բան ու գործ թողած, գնում են գերեզմանոց արդեն դեն նետելու ծաղկեպսակները, էլ չեմ խոսում գերեզմանոցների մաքրության մասին։
Այս հարցը, իհարկե, թշնամաբար կընդունվի պսակավաճառների և այդ բիզնեսը հովանավորողների կողմից, որոնք չեն ուզենա գրպանի պարունակության հաշվին ծերանոցների, որբանոցների, աղետի գոտու տնակների, բարոյականության մասին քարոզներ լսել։
Ես դեմ չեմ ծաղիկներին, բայց դա պետք է լինի համեստության և չափավորության սահմաններում, որն ավելի քրիստոնեավայել է, քան այսօրվա իրավիճակը («Սիրել զչափաւորութիւն զամենայնի» - մեզ է պատգամել մեծն Ներսես Շնորհալին)։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ այդ հավաքված գումարները կարող են յուրացվել, ինչպես շատ այլ հիմնադրամային միջոցներ, ես առաջարկում եմ, որ վարչապետը դրանց հավաքագրման և օգտագործման վերաբերյալ հանրության յուրաքանչյուր անդամի համար խիստ մատչելի լրատվական համակարգ մշակի։
Կարծում եմ` մեր վարչապետն ընդունակ է հաղթահարելու այս առաջարկի ճանապարհին կանգնած բոլոր արգելքներն ու դժվարությունները։ Ելնելով այն հանգամանքից, որ հայ կինն ավելի բարեգութ է հասարակության ցավերի նկատմամբ և հայ օջախի մշտարթուն պաշտպանն է (ինչը հատուկ չէ մեր շատ տղամարդկանց), առաջարկում եմ նյութական այդ միջոցների համակարգման ու տնօրինման հանձնաժողովում ընդգրկել հիմնականում բանիմաց ու ազգի ցավերով մտահոգ կանանց։
Փառք Աստծո, այդպիսիների պակաս չեմ տեսնում մեր հասարակության մեջ, ուստի մնում է դիմել գործնական քայլերի։
Գ. ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3734

Մեկնաբանություններ